ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Ղարաբաղի թեմայով հայտարարություն է տարածել` նշելով, որ Ռուս ուղղափառ եկեղեցին արել և անելու է ամեն բան, որ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հետ նպաստի ԼՂՀ–ում խաղաղության հաստատմանը։ Պատրիարքի հայտարարությունը հրապարակվել է Ռուս ուղղափառ եկեղեցու կայքում։
«Խորապես ապրումակցում եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդներին ավելի քան երեսուն տարի շարունակվող զինված դիմակայության նոր փուլի առնչությամբ: Կրկին բնակավայրեր են գնդակոծվում, մարդիկ են զոհվում, ավերվում են սրբավայրերը, մշակութային ժառանգության հուշարձանները, խաղաղ բնակիչների տները։ Անկեղծորեն կարեկցում եմ այս սարսափելի պատերազմի բոլոր զոհերին, ցավակցում զոհվածների ընտանիքներին», – նշված է պատրիարքի ուղերձում։
Նա խոսել է նաև Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորության մասին։
«Դիմում եմ երկու պետությունների ղեկավարներին` կոչ անելով օգտագործել հրադադարը, որպեսզի խնդրի լուծումը տեղափոխվի քաղաքական հուն։ Հանուն երկու հարևան ժողովուրդների ապագայի հորդորում եմ երկարացնել հրադադարի ռեժիմն ու այն օգտագործել խաղաղ բանակցությունների համար», – նշել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։
Նա, դիմելով հակամարտության մասնակիցներին, կոչ է արել խնայել միմյանց կյանքերը։
«Թո՛ղ արյունալի հաշվեհարդարի ժամացույցը կանգ առնի` հանուն խաղաղ ապագայի։ Հայաստանն ու Ադրբեջանը պատմականորեն հարևաններ են եղել ու կլինեն, ադրբեջանցիներն ու հայերը ամեն դեպքում կողք կողքի են ապրելու», – նշել է Ռուսական եկեղեցու առաջնորդը։
Հիշեցնենք` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդներն ավելի վաղ հակամարտող կողմերին կոչ էին արել դադարեցնել բախումները և բանակցություններ սկսել: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ էր պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։
Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունը և շարունակում է հարվածներ հասցնել Արցախին։