ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել RT ռուսական միջազգային լրատվական հեռուստաընկերությանը։ Լրագրողի հետ զրույցում նախագահն ընդգծել է՝ հրադադարն ամբողջությամբ չի պահպանվում, և սա արդեն միջազգային դիտորդների կողմից արձանագրված փաստ է: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հայկական կողմն էլ է խախտում ձեռքբերված պայմանավորվածությունը, նախագահ Սարգսյանը նշել է՝ եթե մի կողմը խախտում է, մյուս կողմը պատասխանում է: Նրա կարծիքով՝ շատ կարևոր է ունենալ մեխանիզմ՝ հստակեցնելու, թե ով է խախտում հրադադարը:
«Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը, որին առաջարկվել է մաս լինել այս հումանիտար գործողության, ի վիճակի չի լինի աշխատել այստեղ: Ուստի, բացարձակ անհրաժեշտություն են հրադադարը մշտադիտարկման ենթարկելը, ապահովելը, որ այն աշխատի»,- ասել է նա։
Նախագահը հերքել է ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը, թե Հայաստանը հրետակոծել է Գյանջա քաղաքը։ Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, թե ով է սկսել այս պատերազմը։
«Դա ադրբեջանական կողմն է, և ոչ թե Լեռնային Ղարաբաղի/ Արցախի Հանրապետության բնակչությունը: Եվ այդ պատերազմը սկսվեց մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական բնակչության ու շինությունների հրետակոծությամբ: Ստեփանակերտում չկան ռազմական օբյեկտներ: Իսկ քաղաքացիական բնակչությանը գյուղերում, քաղաքներում, այդ թվում և՝ մայրաքաղաքում ռմբակոծելը մարդու իրավունքների կոպիտ խախտում է»,- ընդգծել է նա։
Հրադադարի պայմանավորվածությունը չի պահպանվում. Լավրովն ընդունել է Մնացականյանին
Նախագահը խոսել է նաև ղարաբաղյան խնդրի պատմության մասին՝ հիշեցնելով՝ դեռ Խորհրդային Միության գոյության տարիներին Ադրբեջանը հակահայկական քաղաքականություն էր վարում ԼՂ-ում, փակվել էին անգամ հայկական դպրոցները, ուստի վստահությունը խախտված էր։ Նա անհնար է համարել, որ Արցախի բնակչությունը վստահի Ադրբեջանին հատկապես ղարաբաղյան առաջին պատերազմից հետո, երբ այդքան մեծ թվով զոհեր ունեցանք։
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ի՞նչն է ներկայիս պայմաններում ավելի կարևոր հայկական կառավարության համար՝ մարդկային կյա՞նքը, Ղարաբաղի կարգավիճա՞կը, թե՞ սահմանները, նախագահ Սարգսյանը նշել է՝ բարդ քաղաքականությունը չի կարելի պարզեցնել: Ամեն ինչ կարևոր է, քանի որ ամեն ինչ փոխկապակցված է, սակայն ամենամեծ առաջնահերթությունը մարդկային կյանքն է:
Իսկ ինչպե՞ս պետք է պաշտպանել այդ կյանքը: «Դա արվում է հատուկ կառույցների կամ երաշխիքների միջոցով, որն այս դեպքում կարող է լինել կարգավիճակը կամ պետությունը կամ սահմանին կանգնած զինվորը»,- ասել է նախագահ Սարգսյանը։
Նա շեշտել է՝ 2 շաբաթ առաջ Ադրբեջանն է սկսել այս պատերազմը, և նրանք պետք է բարոյական պատասխանատվություն կրեն դրա համար:
«Ո՞վ կարող է Լեռնային Ղարաբաղում հայերից տարածք պահանջել: Այս մարդիկ այստեղ են բնակվում արդեն հազարավոր տարիներ»,- նշել է նախագահը։
Արմեն Սարգսյանն ընդգծել է՝ մեր կառավարության վերջնական նպատակն է դադարեցնել պատերազմը, վերադառնալ բանակցային սեղան:
«Բանակցային գործընթացը միայն վերջնական կարգավիճակը չէ, կարևոր է, որ բանակցությունների ժամանակ մարդիկ աստիճանաբար, դժվարությամբ, երբեմն չուզելով վստահություն կառուցեն... Երբ նայում ես Ստեփանակերտին, թվում է, թե այն քաղաք է Երկրորդ աշխարհամարտից հետո: Այս քաղաքն առաջին պատերազմից հետո մեծ սիրով վերակառուցվել էր, իսկ այժմ ամբողջությամբ ավերվել է»,- ասել է նա ու հավելել՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում: Գրեթե նույն ժամանակահատվածում քաղաքում նաև մզկիթ է կառուցվել: Արցախյան առաջին պատերազմից հետո երկուսն էլ ավերվել էին: ԼՂ կառավարությունն արտերկրի հայերի և որոշ ոչ հայ բարեկամների, այդ թվում նաև՝ մուսուլմանների նվիրատվություններով եկեղեցին ու մզկիթը վերակառուցել է:
«Ղազանչեցոցը հարվածելով` ուզում էին մեր հաղթանակը խլել». Շուշիի հոգևոր հովիվ
«Սա հայկական մոտեցումն է»,- ասել է նախագահը՝ հիշեցնելով, թե ինչպես ադրբեջանական կողմը երկու անգամ թիրախային հարված հասցրեց Շուշիի եկեղեցուն։