ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացությունն կրկնապատկվում է յուրաքանչյուր 14 օրը մեկ, և եթե ոչինչ չձեռնարկվի, ապա 2 շաբաթ անց ամեն օր կունենանք արդեն 1200-1400 վարակակիր՝ այժմյան 650-750-ի փոխարեն: Այս մտահոգությամբ հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Այս ամենը չի կարող անհանգստություն չառաջացնել: Նոր դեպքերի թվի աճը նշանակում է առողջապահական համակարգի համար հավելյալ ծանրաբեռնվածություն, մահճակալների պակաս, բուժաշխատողների գերծանրաբեռնվածություն: Սա լուրջ խնդիր է՝ հաշվի առնելով երկրում ռազմական դրությունը», - ասել է Հ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:
Մասնագետի խոսքով՝ երկրում կորոնավիրուսի ակտիվ տարածումը լուրջ վտանգ է նաև վիրավոր զինվորների համար, քանի որ նրանց վարակման ռիսկը մեծանում է: Նշվում է, որ չնայած հիվանդանոցներում արվում է հնարավոր ամեն ինչ՝ նվազեցնելու հիվանդանոցի ներսում վարակվելու ռիսկը, վիրավոր զինվորը կարող է վարակվել հիվանդանոցի ճանապարհին:
Հայկական դրամը դիմադրել է COVID-ին և պատերազմին, իսկ թուրքական լիրան՝ ոչ․ որն է պատճառը
Նշենք, որ հոկտեմբերի 13–ի ժամը 11։00-ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 57 566 մարդ։ Վերջին մեկ օրում թեստի դրական պատասխան է ստացել 745 մարդ, գրանցվել է մահվան 8 դեպք։