ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում քիչ առաջ օդային տագնապի ձայնն է միացել։ Տեղեկությունը Ստեփանակերտից հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը։ Բնակիչնեչը հնարավորինս արագ պատսպարվել են ապաստարաններում։ Չնայած մինչև այս պահը քաղաքում հրթիռակոծություն կամ գնդակոծություն չի գրանցվել։
Նշենք, որ այսօր ժամը 12։00–ից հայտարարված հումանիտար հրադադարից հետո սա Արցախի մայրաքաղաքում հնչած առաջին օդային տագնապն է։
Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ և ձախողել է:
Այսօր առավոտյան թշնամին նաև կրակի տակ է պահել Հադրութը։ Իսկ արցախյան կողմը, ինչպես և պայմանավորվել էին, ժամը 12։00–ին կրակի դադարեցման հրաման է տվել։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։
Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան