ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսի տարածման ցուցանիշով Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի կարմիր գոտու ցուցակում։ Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։
«Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ով վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված` Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության կողմից ամեն շաբաթ հրապարակվող ցուցակի կարմիր գոտում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Դեսպանության տեղեկացմամբ`այսուհետև ՀՀ-ից Ուկրաինա մեկնող բոլոր ուղևորները պետք է ոչ միայն ունենան COVID-19 «ծածկող» ապահովագրություն, այլև նրանք ենթարկվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման։ Ուղևորը կարող է կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ թեստ հանձնել։ Վիրուսը չհայտնաբերվելու դեպքում անձն ինքնաբերաբար դուրս է գալիս ինքնամեկուսացումից:
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 55736–ի։