ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը պատրաստ է հրաժարական տալ այն բանից հետո, երբ երկիրը կանգնի օրինականության ուղու վրա: Նրա հայտարարությունը տարածել է մամուլի ծառայությունը։
Ինչպես հաղորդում Է Sputnik Ղրղզստանը՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությանը, Ժեենբեկովը նշել է, որ երկրում քաղաքական իրավիճակը հասել է կրիտիկական կետի: Կայունացման համար նա կոնկրետ քայլեր է առաջարկել, մասնավորապես` նշանակել նոր խորհրդարանական ընտրություններ (որոշումը կկայացնի ԿԸՀ-ն), պաշտոնանկ անել վարչապետին և կառավարության անդամներին, որոնք աշխատել են մինչև ճգնաժամը, որը կստեղծի օրինական հիմքեր նոր նշանակումների համար (լեգիտիմացնելու համար նոր ղեկավարի և կառավարության անդամների նշանակումը, անհրաժեշտ է խորհրդարանի որոշումը և նախագահի հրամանագիրը)։
Խորհրդարանականների կողմից իրենց պարտականությունները կատարելու համար իրավապահ մարմինները պետք է ապահովեն նրանց անվտանգությունը։
«Պետք է ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ վերադարձնել իրավական հուն։ Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից այն բանից հետո, երբ հաստատվեն գործադիր իշխանության մարմինների օրինական ղեկավարները և երկիրը կանգնի օրինականության ուղու վրա», –ասել է Ժեենբեկովը:
Նա կոչ է արել քաղաքական ուժերին պահպանել խաղաղությունն ու հանգստությունը երկրում, չպառակտել հասարակությունը։
Հիշեցնենք, որ Ղրղզստանում խորհրդարանական ընտրությունները կայացել են հոկտեմբերի 4-ին։ Նախնական տվյալների համաձայն՝ երկրի խորհրդարան են անցել «Բիրիմդիկ», «Մեքենիմ Ղրղզստան», «Ղրղզստան» և «Բուտուն Ղրղզստան» կուսակցությունները: Սակայն արդյունքների հրապարակումից հետո Բիշքեկում սկսվել են բողոքի ակցիաներ, որոնք ավարտվել են ցուցարարների և ուժայինների միջև բախումներով։ Ղրղզստանի մայրաքաղաքում ցուցարարները գրոհով գրավել են «Սպիտակ տունը» (խորհրդարանի և նախագահի վարչակազմի շենքը): Դրանից հետո Ղրղզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքներն անվավեր է ճանաչել:
Հայաստանը ԵԱՏՄ նիստին Ղրղզստանի վարչապետի մասնակցության մասին ծանուցում չի ստացել