ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման այն հարցերից է, որտեղ Ռուսաստանն ու ԱՄՆ–ը գտնվում են նույն կողմում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը։
«Դա այն ոլորտն է, որտեղ մենք նույն կողմում ենք, մենք կիսում ենք այն տեսակետը, որ պետք է փորձենք խաղաղություն բերել տարածաշրջան։ Այնպես որ4 կան ոլորտներ, որտեղ մենք կgրող ենք ու պետք է համագործակցենք»,– ասել է Օ'Բրայենը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայենը Ժնևում կայացած հանդիպմանը քննարկել էին Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։
Կողմերն արձանագրել էին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ իրենց մոտեցումները համընկնում են։ Նրանք հաստատել էին, որ խնդիրի լուծումը գտնելու համար պետք է շտապ խաղաղ քաղաքական-դիվանագիտական գործընթաց սկսել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 7-ի ժամը 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ: