ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. 85-ամյա արցախցի Շարմաղ բաբոն (տատը) չի պատրաստվում լքել իր տունն ու ապաստարանում մնալ, քանի որ պայթյուններից վաղուց արդեն չի վախենում։ «5-րդ ալիքը» զրուցել է հայտնի բաբոյի հետ, որի` իր տան դռան մոտ զենքով նկարը հայտնվել է միջազգային լրատվամիջոցների առաջին էջերում։
Շարմաղ բաբոն, սակայն, այլևս չի ուզում զենք բռնել։ Նրա խոսքով` զենքով պետք է տղամարդիկ կռվեն, իսկ կանայք պետք է իրենց հողը պահպանեն։
-Յուրիկ, հի՞նչ խաբար իս պիրալ,–սահմանի մասին հարևանից հետաքրքրվում է Շարմաղ բաբոն։
Հարևանը վստահեցնում է` ամեն ինչ լավ է ճակատում` հորդորելով տատին իր պես ապաստարան գնալ։ Սակայն բաբոն վստահ է` պատահելու բանը կպատահի որտեղ էլ լինես։
«Կարում չեմ, Յուրի, մատաղ ինիմ»,–ասում է Շարմաղ բաբոն։
Երեք պատերազմ տեսած տատի ցանկությունը մեկն է` աշխարհում խաղաղություն լինի. «Ոչ մի ջահելու գլխանեն մազ չի վեր ինգինի, ոչ մի ծնող ուրան բալան չկորցնի. ես կորցըրալ եմ, գյուդըմ եմ»։
85-ամյա կինն ասում է, որ չգիտի` 7 երեխաներից և բազմաթիվ թոռներից քանիսն են պատերազմին մասնակցում, քանի որ բոլոր զինվորներն էլ «իր բալեքն են»։