ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար–ծառայության վարչական տարածքի հրթիռակոծության հետաևնքով վիրավորում ստացած փրկարար 25-ամյա Հովիկ Աղաջանյանը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Հրշեջ-փրկարար մասի 3-րդ պահակախմբի վարորդ-փրկարար, ավագ ենթասպա Աղաջանյանը վիրավորվել էր հոկտեմբերի 2-ին, ժամը 13։45-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի հրթիռակոծության ժամանակ։ Նրա կյանքի համար օրեր շարունակ պայքարեցին Ստեփանակերտի, ապա նաև Երևանի «Էրեբունի» ԲԿ–ի բժիշկները: Ցավոք, նրա կյանքը չհաջողվեց փրկել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ծառայողական պարտականություններն իրականացնելիս ցուցաբերած արիության և խիզախության համար՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով Հովիկ Յուրիի Աղաջանյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի:
Աղաջանյանը ծնվել էր 1994թ. դեկտեմբերի 20–ին, ԱՀ Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում: Նա ամուսնացած չէր:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 7-ի ժամը 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:
Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ