ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ Ստեփանակերտում սկսված հրթիռակոծությունից տուժել են բնակելի շենքեր, ամբողջությամբ ավերակի է վերածվել երկհարկանի բնակելի տուն։
Կենտրոնը Facebook սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են վերջին հրթիռակոծությունից հետո` կարճ ժամանակ առաջ։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Ստեփանակերտն ու Շուշին են հրթիռակոծվում։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 390 տանկ և ՀՄՄ:
Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ