ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Անընդհատ հրթիռակոծության ենթարկվող Արցախում բժիշկները երբեմն պարզապես չեն կարողանում ժամանակին օգնության հասնել վիրավորներին։ Գորիսում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Ամբողջությամբ մոբիլիզացված Արցախի բժշկական համայնքը և Հայաստանից օգնության մեկնած բժիշկները փաստացի երբեմն զրկված են լինում օգնության կարիք ունեցող քաղաքացիներին հասնելու, որովհետև քաղաքն անընդհատ օդային տագնապի տակ է»,- նշեց նա։
Նախարարի խոսքով՝ երեկ է վերադարձել Ստեփանակերտից, ականատես է եղել , թե ինչպես հակառակորդի արձակած հրթիռներից մեկը Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցին շատ մոտ, որից շենքը պարզապես ցնցվեց։ Տեսնելով ադրբեջանական գործելակերպը՝ բուժանձնակազմի մոտ կասկածներ կան, որ կարող է թիրախավորվել հենց հիվանդանոցը։
Թորոսյանը նշեց՝ վերջին տեղեկություններով առավոտյան հառակորդը վերսկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը, կրկին օդային տագնապներ են հնչել։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց՝ նման պայմաններում բուժանձնակազմի համար ծայրահեղ դժվար է օգնության հասնել մարդկանց։ Սեփական օրինակով է ասում.
«Երեկ ամբողջ օրը տարբեր թաքստոցներում լինելով, հասկացա, որ կարող է՝ ամբողջ օրն օդային տագնապները չավարտվեն, սկսեցի տեղաշարժվել օդային տագնապի տակ՝ միգուցե վտանգելով իմ և գործընկերներիս կյանքը»,- ասաց նա՝ հավելելով, որ վիրավորումներից բացի քաղաքացիների այլ առողջական խնդիրները չեն անհետանում։ Հնարավոր է՝ բուժանձնակազմը փորձի օգնության հասնել սրտամկանի ինֆարկտ ունեցող մարդուն ու նրան հիվանդանոց տեղափոխելիս ռմբակոծոթւյան տակ հայտնվի։