Կիրակի երեկոյան ԱՄՆ–ի հայ համայնքը բազմամարդ բողոքի ակցիա է անցկացրել ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում։
Ակցիան հատուկ անց է կացվել CNN հեռուստաընկերության գրասենյակի դիմաց, քանի որ ամերիկահայերի պնդմամբ` այդ լրատվամիջոցն արդեն 2 օր է` որևէ կերպ չի անդրադառնում ԱՄՆ–ում տեղի ունեցող բողոքի ակցիաներին։
«Այսօր հայրենիքում մեր մայրերը, քույրերը զոհասեղանին են դրել իրենց որդիների կյանքը։ Ի՞նչ ենք դրել մենք` հարյո՞ւր, հինգ հարյո՞ւր, հազա՞ր, ի՞նչն ենք դրել։ Սա պատերազմ է, մենք պետք է հաղթենք։ Պատերազմում հաղթելու մեկ բանաձև կա. սփյուռքում ապրում է 7 մլն հայ, ամեն հայ եթե 100 դոլար փոխանցում անի, դա 700 մլն դոլար է։ Ամեն օրվա պատերազմը հայրենիքի վրա 30-40 մլն դոլար գումար արժե։ Եթե մենք հավաքենք 700 մլն դոլար, մենք Ադրբեջանի ողնաշարը կկոտրենք»,– բողոքի ակցիայի մասնակիցներին ուղղված իր ելույթում ասել է հայ համայնքի ներկայացուցիչ Կարեն Վարդանյանը։
Նա նաև շեշտել է, որ անգամ պատերազմից հետո սփյուռքը պարտավոր է աջակցել հայրենիքին` պատերազմի ավերածությունները հնարավորինս արագ վերացնելու հարցում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 4-ի ժ. 21։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:
Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ