ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ են հայտնվել Արցախի պաշտպանության բանակի որոշ զինծառայողների մարմիններ։ Տեղեկությունը լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտնեց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Հաշվի առնելով 2016 թվականի Ապրիլյան պատերազմի այն դեպքերը, երբ ադրբեջանական զինծառայողները հայ զինծառայողների մարմինների վրա մահվանից հետո կամ կենդանի ժամանակ կոպտագույն պատերազմական հանցագործություններ են կատարել, մասնավորապես գլխատման դեպքեր են արձանագրվել, եղել են մարմինների խոշտանգման դեպքեր, ինչի հետևանքով կոպտագույն ձևով խախտվել են այդ անձանց և նրանց հարազատների բազմաթիվ իրավունքներ, այժմ վտանգը մեծ է, որ հայ զինվորների մարմինների հանդեպ նմանատիպ ոտնձգություններ կկատարվեն»,–ասաց Բեգլարյանը։
Նրա խոսքով` միջազգային հանրությունը շատ արագ կանխարգելիչ միջոցներ պետք է ձեռնարկի և փորձի մարդասիրական համապատասխան միջոցներով վերադարձնել դիակները։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 5-ի ժ. 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:
Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ