ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ կառավարությունում ձևավորվել է սոցիալական և նյութական աջակցության շտաբ։
Որոշման համաձայն` շտաբը ստեղծվել է զինծառայողներին (մարտական գործողությունների հետևանքով տուժած), զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց (կամավորներին), ինչպես նաև բնակչությանը նյութական աջակցություն տրամադրելու նպատակով։ Շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Այսօրվանից սկսած շտաբն ամենօրյա պարբերականությամբ ՀՀ վարչապետին է ներկայացնելու հաշվետվություն` կատարված աշխատանքների մասին։
Նշենք, որ նորաստեղծ շտաբի նպատակն է լուծել սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով առաջացած սոցիալական և նյութական խնդիրները։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 2-ի ժ. 12-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 158 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։
«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից
Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 107 ԱԹՍ–ից, 10 ուղղաթիռից, 205 զրահատեխնիկայից, 5 ինքնաթիռից, 1 «Սմերչից» և 3 «ՏՕՍ» համակարգից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։
Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

