ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումներն այսօր ժամը 07:55-ի սահմաններում Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Արցախի սահմանի երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են։ Հակառակորդի՝ առանձին հատվածներում մեր զորքերի պաշտպանությունը ճեղքելու փորձերը ձախողվել են»,–գրել է նա։
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան հակառակորդը հրետանի էր կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա։ Մեկ զոհ և վիրավորներ ունեինք քաղաքացիական բնակչության շրջանում։ Կարճ ժամանակ անց հակառակորդի 4 անօդաչու թռչող սարքերը փորձել էին հետախուզություն իրականացնել ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, բայց ձախողվել էին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1280 զոհ ունի, 2700 վիրավոր։
«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից
Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 90 ԱԹՍ–ից, 12 ուղղաթիռից, 181 զրահատեխնիկայից, 4 ինքնաթիռից, 2 «Սմերչից» և 3 «ՏՕՍ» համակարգից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։
Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան