ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ առաջնագիծ է մեկնել Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի եղբայրը։
Միրզոյանը Սլոյանի մոր և որդու լուսանկարն է հրապարակել ու կից գրառում արել։ «Խոնարհվում եմ քո առաջ, Մայրիկ։ Ապրիլյանի հերոս Քյարամ Սլոյանի մայրը կրտսեր որդուն եզդիական ջոկատի հետ ճանապարհում է Արցախ»,–գրել է Միրզոյանը։
Քյարամ Սլոյանի եղբայրը զորացրվել էր բանակից ընդամենը երկու ամիս առաջ` հուլիսին։
Նշենք, որ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, որը նույնպես եզդիական համայնքի ներկայացուցիչ է, հայտնել էր նաև, որ հավաքագրվում է եզդիական ջոկատը՝ Արցախ մեկնելու համար։ Հենց նրանց հետ էլ առաջնագիծ մեկնեց Սլոյանի եղբայրը։
Հիշեցնենք` Քյարամը զոհվել է 2016-ի ապրիլին Մարտակերտի դիրքերից մեկում ծավալված մարտական գործողությունների ժամանակ:
Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում: Ժամկետային զինծառայող գնդացրորդ Քյարամը քառօրյա պատերազմի առաջին զոհերից էր:
«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին
2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի ՀՀ պետական շքանշանով։