ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Արցախում ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորված լրագրողներին տեղափոխելու համար շտապ ինքնաթիռ է ուղևորվում Հայաստան։ Այս մասին ուղիղ եթերում քիչ առաջ տեղեկացրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Հիշեցնենք, որ ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում։ Կա երկու վիրավոր, նախնական տվյալներով` երկուսն էլ Ֆրանսիայի քաղաքացի են։
Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մարտական գործողությունները լուսաբանելիս վիրավորվել են նաև «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը և 24news–ի լրագրող Սևակ Վարդումյանը։