ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Արցախում ադրբեջանական զինուժի հրետակոծության տակ են հայտնվել նաև France Press միջազգային լրատվական գործակալության լրագրողները։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենային»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում։ Կա երկու վիրավոր, նախնական տվյալներով` երկուսն էլ Ֆրանսիայի քաղաքացի են։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մարտական գործողությունները լուսաբանելիս վիրավորվել են նաև «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը և 24news–ի լրագրող Սևակ Վարդումյանը։

ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի տվյալներով` այս օրերի ընթացքում ԱԳՆ-ում հավատարմագրվել են միջազգային առաջատար 5 տասնյակից ավելի լրատվամիջոցների լրագրողական խմբեր՝ մոտ 200 օտարերկրյա լրագրողներ, որոնց գերակշռող մասը արդեն իսկ գտնվում է Հայաստանում և Արցախում: Հավատարմագրման դիմումները նույն ինտենսիվությամբ շարունակվում են։