ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է նախկինում բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպք:
«Մասնավորապես, ՀՀ քաղաքացին, պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով ծառայության անցնելով ՀՀ զինված ուժերում և զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչներին հանձնել կամ հանձնելու նպատակով հավաքել է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, վերահիշյալ անձը թշնամական գործունեություն իրականացնելու համար ցուցաբերել է այլ օգնություն՝ ի վնաս ՀՀ տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
Քրգործով որպես մեղադրյալ նեգրավված անձը գտնվել է Վրաստանում և այնտեղ ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից ստացել է կոնկրետ առաջադրանքներ` Արցախի և Հայաստանի արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ ծառայության բերումով արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ։ Այդ թվում` նա բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, ինժեներական կառույցների և սարքավորումների և այլնի վերաբերյալ՝ ի վնաս ՀՀ արտաքին անվտանգության առնչությամբ կատարել է լրտեսություն:
Նա տեղեկություն է հավաքել մարտական տեխնիկայի, սպառազինության, այդ թվում՝ տանկերի, մարտկոցների, ուժեղացման միջոցների, առաջնահերթ խոցվող օբյեկտների, ՀՀ զինված ուժերում ծառայող, պահեստազորում հաշվառված անձանց և այլնի վերաբերյալ։
Հայաստանում պարբերաբար հանդիպումներ է ունեցել ՀՀ–ի և Արցախի սպայական կազմի ներկայացուցիչների հետ, իրականացվող կոնկրետ գործողությունների և այլնի վերաբերյալ լուրեր հավաքել, հետո մեկնել է Վրաստան ու դրանք փոխանցել ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցներին։
Հիշյալ անձին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը) մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ի՞նչ է կատարվում Արցախում. ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել
Քրգործի շրջանակներում շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում մեղադրյալի բնակարանում կամ օժանդակ շինություններում հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակի ռազմամթերք՝ նռնակներ, պայթուցիչներ, փամփուշտներ։ Բացի այդ, հայտնաբերվել են նաև զինտեխնիկայի վերաբերյալ ծառայողական և պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր, որոնց մի մասը՝ եզակի բնօրինակներով:
Հայտնաբերվել են նաև ռադիոհաղորդիչ սարքավորումներ, կապի միջոցներ, ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ կապ հաստատելու համար նախատեսված հեռախոսահամարների վերաբերյալ գրառումներով նոթատետրեր:
