ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Խոցված Սու-25-ի օդաչու, ՀՀ ԶՈւ մայոր Վալերի Դանելինը Գյումրու բնակիչ էր, 33 տարեկան։
Օդաչուն զոհվել է Սու-25 գրոհայինով թռիչք կատարելիս՝ հետ մղելով Հայաստանի ռազմական և քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ հարձակումները: Ինքնաթիռը խոցվել է սեպտեմբերի 29-ի առավոտյան Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչի կողմից, որն օդ է բարձրացել Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանից։
Վալերի Դանելին երկու երեխաների հայր էր։ Որդին երեք տարեկան է, դուստրը` վեց։ Վալերիի պապը ռուս է եղել, որ ժամանակին Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանից։
Ծանոթները նրան բնութագրում են որպես շատ բարի, հանգիստ և հավասարակշռված մարդ:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։
«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից
Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 75 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան
Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։
Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան