ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխվածները կարող են անվճար բժշկական օգնություն ստանալ։ Տեղեկությունը Facebook սոցցանցի էջում հայտնել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից։
«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ` Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցները բժշկական օգնության անհրաժեշտության դեպքում կարող են դիմել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկա և ծննդատուն։ Այնտեղ նրանք անվճար կսպասարկվեն և կօգտվեն ծառայություններից»,–նշված է Facebook սոցցանցի` ԲԿ–ի էջում։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Արցախից խաղաղ բնակչության տարհանում չի իրականացվում։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։
«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից
Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 75 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան
Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։
Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան