1994 թվականից հետո Ստեփանակերտն առաջին անգամ հայտնվել է կրակի տակ։ Պատերազմը ներխուժել է քաղաքացիների կենցաղ, հիշեցրել ղարաբաղյան պատերազմի առաջին տարիները։
Մայրաքաղաքի բնակիչները սարսուռով են հիշում սեպտեմբերի 27-ի առավոտը, երբ Ադրբեջանի ԶՈւ-ն սկսեց հրետակոծել։ Ու թեև նրանք համոզված էին, որ թշնամին արթուն է, սակայն լայնամասշտաբ պատերազմն ասես հետ է տվել ժամանակն ու հիշեցրել 90-ականների շրջափակումը։ Այժմ Ստեփանակերտի բնակիչները նորից սովորում են հարմարվել նոր պայմաններին։ Նրանք արդեն երկու գիշեր է՝ ստիպված են ապրել նկուղներում ու հատուկ թաքստոցներում։
Sputnik Արմենիայի ֆոտոշարքը պատմում է քաղաքի բնակիչների առօրյայի մասին ռազմական դրության պայմաններում։ Գիշերը մթության մեջ ննջող Ստեփանակերտում , նույնիսկ մթերային խանութների մեծ մասը փակ է, շուկան աշխատում է միայն որոշակի ժամերի։ Չեն գործում դպրոցները, մանկապարտեզներն ու բուհը։ Միայն դեղատներն են շուրջօրյա աշխատում, հիվանդանոցներում վիրավորների թիվն ավելանում է. նրանց շարքում կան ինչպես զինծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ։
Սակայն քաղաքացիները ոչ միայն ըմբռնումով են մոտենում իրավիճակին, այլև չեն ընկճվում։ Նրանք ամուր կանգնած են իրենց հողի վրա ու ամեն կերպ շարունակում են աջակցել ճակատին և առաջին անհրաժեշտության իրեր հավաքում։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Առաջին լուսանկարներն առաջնագծից. #ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։
Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։