ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է այրվում ադրբեջանական կողմի բացած կրակից։
«Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է այրվում հարվածային ԱԹՍ-ի հարվածից»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Հովհաննիսյանը։
Քիչ առաջ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։
ՊՆ խոսնակը հավելել է, որ ադրբեջանական զինուժի պետք է սպասի կոշտ պատասխանի։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։
Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 4 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։