ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. 13 քաղաքական ուժեր համարում են, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը մեկ անգամ ևս շեշտել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև ռազմավարական դաշինք կնքելու անհրաժեշտությունը։ Նրանք կոչով դիմել են Հայաստանի և Արցախի իշխանություններին։
«Մենք՝ ներքոստորագրյալ կուսակցություններս, կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանություններին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել երկու հանրապետությունների միջև ռազմավարական համապարփակ համագործակցության պայմանագիր կնքելու ուղղությամբ»,– նշված է հայտարարության մեջ։
Հայտարարությունը ստորագրել են «Ազատություն», «Ազգային օրակարգ», «Ազգային ինքնորոշում միավորում», «Բարգավաճ Հայաստան», «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Լուսավոր Հայաստան», կուսակցությունները, ՀՅԴ–ն, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, ՀՀԿ–ն, Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական միությունը, «Հանուն սոցիալական արդարության» և «Մեկ Հայաստան» կուսակցությունները։
Նրանք նշել են, որ պայմանագիրը կնքելու համար պետք է հիմք ընդունել Հայաստանի անկախության մասին 1990 թ. օգոստոսի 23-ի, ԼՂՀ հռչակման մասին 1991 թ. սեպտեմբերի 2-ի հռչակագրերը և արձանագրել Արցախի ինքնիշխանության հռչակման ու դրան հաջորդած գործընթացի օրինականությունն ու համապատասխանությունը միջազգային և ներպետական իրավական կառուցակարգերին։
Հայտարարությունը բաց է միանալու համար:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 83 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։
ԱԳՆ-ն հերքում է. Հայաստանն Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը չի հրթիռակոծել
Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ
Նշենք, որ Ադրբեջանը կրակոցներ է արձակում նաև Գեղարքունիքի ուղղությամբ։