ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«ՀՀ վարչապետը հայտնել է, որ Ադրբեջանն այսօր ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Նա խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և դրա հետագա սրմամբ: Մասնավորապես ընդգծվել է, որ Ադրբեջանը դիմում է սադրանքների ՀՀ հետ պետական սահմանի ուղղությամբ ևս ռազմական գործողություններ սկսելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ վարչապետը զրուցակցի ուշադրությունն առանձնակի հրավիրել է Թուրքիայի խիստ կողմնակալ և ագրեսիվ դիրքորոշման և այդ երկրի հնարավոր միջամտությունը կասեցնելու անհրաժեշտության վրա:
Մակրոնը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և անթույլատրելի համարել լարվածության հետագա խորացումը: Նա կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի ակտիվացումը տարածաշրջանում խաղաղություն վերահաստատելու համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 21 անօդաչու թռչող սարք, 30 տանկ և ՀՄՄ։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ ասել է, որ ադրբեջանական կողմը 200 զոհ ունի։
Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն ու համատարած զորահավաք է հայտարարվել։