Արցախի պաշտպանության նախարարությունը «Գոյամարտ» խորագրով տեսանյութ է հրապարակել` հայտնելով, որ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են։
«ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված խնդիրը` հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Կադրերում երևում է ոչ միայն ոչնչացված ադրբեջանական զրահատեխնիկան, այլև առգրավված զենք–զինամթերքը։ Ըստ կադրերի` կարելի է հաշվել մոտ 2 տասնյակին հասնող դիակներ, երևում են նաև ադրբեջանցիների անուն–ազգանունները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Ադրբեջանական ԶՈւ-ն զինտեխնիկայի հերթական կորուստներն է կրել. տեսանյութ
Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։
Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։