ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության, նախարարությունը համակարգում է բոլոր կազմակերպչական հարցերը: Քիչ առաջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook–ի նախարարության էջում ուղերձով դիմել է բուժաշխատողներին` նշելով, որ տարին սկսվեց կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարով, որին հիմա մեկ այլ մարտահրավեր է գումարվել։
«Սիրելի բուժաշխատողներ, հիմա արդեն պայքարելու ենք 2 ճակատով: Մենք ուժեղ ենք ու պատրաստ, 2 ուղղությունով էլ պայքարելու ենք միասին` մեկտեղելով մեր ուժերն ու ջանքերը»,– նշված է ուղերձի տեքստում։
Նախարարը շնորհակալություն է հայտնել բժշկական հանրությանը համախմբածվության համար: Նա հիշեցրել է` այս իրավիճակում չպետք է կորցնել զգոնությունը, պետք է շարունակել պահպանել համաճարակաբանական կանոնները, որ «կորոնավիրուսային հիվանդությունը մեզ չհաղթի, լինենք կանգուն ու մարտունակ»:
Թորոսյանն ընդգծել է` առաջին անգամ չէ, որ կանգնած ենք առերևույթ և անտեսանելի թշնամիների առջև: Անհրաժեշտ է հանգստություն պահպանել։ Նախարարը վստահություն է հայտնել, որ հաղթելու ենք և բազում հաղթանակների շարքում այս մեկն էլ է գրվելու։
Վիրավոր երեխաներ ու երիտասարդներ, վնասված տներ. լուսանկարներ Արցախից
«Հայի ոգին և ուժն անկոտրում է, և ոչ ոք չի կարող հաղթել մեզ»,– եզրափակել է նախարարը։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:
Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։