ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Արցախի բնակիչներին ապաստարան տալու կամ երեխաների, կանանց, տարեցների համար խնամք կազմակերպելու անհրաժեշտություն չկա այս պահին:
«Նման կարիքի դեպքում պետական մարմիններն ունեն ռեսուրսներ և հստակ պլան: Անհրաժեշտության դեպքում կդիմենք օգնության»,–գրել է նա:
Նա նշել է, որ մինչդեռ բարի ցանկությունների մասին հայտարարությունները կարող են այլ ազդեցություն թողնել: «Որևէ կասկած չկա կամավորների անշահախնդիր աջակցության մասով, բայց կրկնում եմ՝ դրա կարիքը չկա»,–գրել է նա և շնորհակալություն հայտնել բոլորին բարի ցանկությունների համար։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։
ԱՀ ԱԳՆ-ն ուղիղ կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:
Մարտերը շարունակվում են: