ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի դատախազությունը կարգապահական վարույթ հարուցելու գործընթաց կնախաձեռնի Առաջին ատյանի դատարանի՝ հունիսի 21-ին Ծառուկյանի կալանքի միջնորդությունը մերժելու որոշումն ընդունած դատավորի` Ռոբերտ Պապոյանի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Առաջին ատյանի դատարանի կողմից հունիսի 21-ին կայացված կալանքի միջնորդությունը մերժելու որոշմամբ խախտվել են իրավական պրակտիկայում ձևավորված հանրաճանաչ նորմերը, խեղաթյուրվել են կալանավորման հիմքերի կանխատեսական բնույթի մասին ՄԻԵԴ-ի վճիռներում և ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները: Մասնավորապես, չնայած դատարանն ինքն էր իրական համարել Գ. Ծառուկյանի կողմից դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու և գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ ոչնչացնելու միջոցով խոչընդոտելու հնարավորությունը, սակայն այդ պայմաններում ակնհայտ անհիմն եզրահանգում էր կատարել այդ հիմքով կալանքի բացառման մասին», – Facebook-ում գրել է Աբրահամյանը։
Նա նաև կոչ է արել Գագիկ Ծառուկյանի կալանավորման մեջ անձնական և քաղաքական պատճառներ չփնտրել։
«ՀՀ վերաքննիչ դատարանը պաշտպանության կողմի բողոքների քննարկման համատեքստում անդրադարձել է Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվելու պնդումներին՝ հստակ արձանագրելով, որ այդ կապակցությամբ որևէ նյութ, ապացույց կամ փաստ չի ներկայացվել, իսկ ենթադրյալ հանցագործության մեջ մեղադրվող անձի կողմից արվող հայտարարություններն առ այն, որ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, չեն նշանակում, որ դրանք համապատասխանում են իրականությանը, քանի դեռ այն չի ապացուցվել և հիմնավորվել», – գրել է դատախազի խորհրդականը։
Նախկին մոդել և Ծառուկյան. Փաշինյանն ասել է` իրենք անհանգստանալու պատճառ չունեն. ԶԼՄ
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։ Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։ Դրանից հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժել էր ընտրակաշառք տալը կազմակերպելու համար մեղադրվող Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը։
Երեկ` սեպտեմբերի 25-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ միջնորդությունը։