ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Ազատության պողոտայում երիտասար տղամարդն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին՝ տապալելով այն, այնուհետև հայտնվել է մեկ այլ հաստաբուն ծառի և պատի արանքում: Տեղեկությունը հայտնում է shamsyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 08:40-ի սահմանում, «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի դիմաց։ Մեքենան վարել է Երևանի բնակիչ, 27-ամյա Գագիկ Գալստյանը։ Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանն ու ՃՈ 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչ Արտակ Սարգսյանը։
Վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Կայքի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայի վարորդը մայրաքաղաքում հաճախակի է չարամտորեն խախտել ճանապարհային ոստիկանության կանոններն ու բազմաթիվ անգամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Երևանի դպրոցներից մեկի բակում 15-ամյա տղան դանակահարել է համադասարանցուն