ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Պտղունք գյուղի երկհարկանի բնակելի շինությունում բռնկված հրդեհը մարվել է, հրդեհի հետևանքով 10 բնակարան է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Երեկ` ժամը 18:08-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ էր ստացվել, որ Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հայտարարվել էր հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
«Պարզվել է, որ Հ․ Շիրազի փողոցում այրվել է թվով 10 բնակարան, որից 2-ը՝ մասնակի։ Ընդհանուր տանիքից այրվել է մոտ 1300 քմ հատված։ Տուժածներ չկան»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են նաև գույքի տարհանում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։13-ին, մարվել՝ 23։57-ին։
Վանաձորում պայթյուն է որոտացել. ձկան խանութի ուղղությամբ ձայնային նռնակ են նետել
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են Վաղարշապատի քաղաքապետարանի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի մեկական ջրատար ավտոմեքենա։
Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Ֆելիք Ցոլակյանը, Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը և փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը։
ԱԻՆ մամուլի խոսնակը Facebook–ի իր էջում գրել է, որ տները եղել են իրար կպած՝ ընդհանուր տանիքով, այդ պատճառով հրդեհն արագ է տարածվել։ Խնդիրը իրավասու մարմինների տիրույթում է։ Հրդեհի պատճառը պարզ կլինի Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննությոն վարչության ուսումնասիրությունից հետո։