ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Covid-19-ի դեմ համամոլորակային պայքարում հավաքական ջանքերը միջազգային համերաշխության կարևորագույն դրսևորում են: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ մեր երկիրը բարձր է գնահատում ՄԱԿ-ի, մասնավորապես` Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի առաջնային դերը Covid-19-ի դեմ պայքարում: Վարչապետը շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկեր երկրներին, որոնք աջակցության ձեռք մեկնեցին Հայաստանին։
«Առաջնորդվելով մեր հավաքական հանձնառության ոգով, այն է՝ ոչ մեկին չթողնել հետևում, մենք կիսում ենք այն համոզմունքը, որ վիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ առողջապահական տեխնոլոգիաների և արտադրանքի արդարացի հասանելիությունը պետք է լինի համաշխարհային գերակայություն, և յուրաքանչյուր ոք, ներառյալ հակամարտության վայրերում ապրողները, պետք է հնարավորություն ունենա Covid-19-ին հակազդելու միջոցներից օգտվել անարգել և առանց սահմանափակումների»,- նշեց նա։
Բաքուն սպառնացել է հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին
Վարչապետի խոսքով՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը համաշխարհային նշանակության հանրային բարիք են, և դրանք պետք է մատչելի լինեն բոլոր ժողովուրդներին՝ առանց խտրականության:
Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծեց՝ Հայաստանը միանշանակ աջակցություն է հայտնում Գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային զինադադար հաստատելու կոչին։
Հիշեցնենք, որ այս համատեքստում ՀՀ վարչապետն անդրադարձավ հուլիսին ադրբեջանական նախահարձակ գործողություններին, խոսեց նաև Թուրքիայի՝ տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունն ապակայունացնող քաղաքականության մասին։