ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. «Պոչտա Ռոսիի» (Ռուսաստանի փոստ) ընկերությունն ու «Հայփոստ» ՓԲԸ-ն ծանրոցների սակագների նվազեցման և ռազմավարական գործընկերության զարգացման մասին պայմանավորվածություն են ձեռք բերել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Համապատասխան համաձայնագիրը կնքվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, «Պոչտա Ռոսիի» ընկերության ղեկավար Մաքսիմ Ակիմովի ու «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի եռակողմ հանդիպման ժամանակ։ Հանդիպումը կայացել է «Արտադրողական Ռուսաստանի թվային արդյունաբերություն 2020» համաժողովի ժամանակ։
Համաձայնագրի նպատակը երկու երկրների միջև ապրանքաշրջանառության տնտեսական խոչընդոտները վերացնելու հաշվին էլեկտրոնային առևտրի ծավալի ավելացմանը նպաստելն է, նաև Հայաստանում ու Ռուսաստանում փոքր ու միջին բիզնեսի համար ավելի մրցունակ միջավայր ստեղծելը։
«Այդ համաձայնագիրը զգալիորեն կհեշտացնի հաճախորդների հետ ռուսական ecom-ընկերությունների աշխատանքը Հայաստանում, որը պատմականորեն կարևոր է մեզ համար տարածաշրջանում։ Բացի այդ, մի քանի անգամ կնվազի ապրանքն ուղարկելու արժեքը, պատվիրատուն նաև Հայաստանի 900 փոստային բաժանմունքները որպես պատվերը տրամադրելու կետ օգտագործելու հնարավորություն կստանա։ Դա մեզ համար ծառայությունները լավացնելու հնարավորություն է, իսկ մենք գիտենք, որ առաքման արագությունը, որակն ու հարմարավետությունը հաճախորդին բավարարելու գործում կարևոր բաղադրիչ է», - ասել է «Պոչտա Ռոսիի» ընկերության գլխավոր տնօրենը։
Ըստ նոր համաձայնագրի՝ 2020թ.-ի հոկտեմբերի 1-ից Հայաստանի և Ռուսաստանի բնակիչների համար ծանրոցների փոխադրումը Երևանից Մոսկվա, Մոսկվայի մարզ և հակառակ ուղղությամբ կնվազի գրեթե 3 անգամ. մինչև 1 կգ քաշով ծանրոցը կարժենա 2950 դրամ (420 ռուբլի), նախկին՝ 8820 դրամի (1200 ռուբլի) փոխարեն: Ամեն հավելյալ կիլոգրամը կարժենա 1250 դրամ (180 ռուբլի): Հայաստանի մյուս մարզերից Ռուսաստանի այլ մարզեր ծանրոցների փոխադրման սակագինը կնվազի մեկ ու կես անգամ. այն կկազմի 1 կգ-ի համար 6000 դրամ (860 ռուբլի), նախկին 8820 դրամի փոխարեն, ամեն հաջորդ կիլոգրամի համար գինը կկազմի 1500 դրամ (215 ռուբլի):