ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. ՍԴ դատարանի նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը դեռևս որոշում չի կայացրել ՍԴ նախագահ ընտրվելու առնչությամբ։ Խունդկարյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե այսօր կայանալիք նիստին արդյո՞ք կինքնաառաջադրվի։
Այսօր` ժամը 15։30-ին, ՍԴ–ում նիստ կլինի, որի ժամանակ էլ ՍԴ դատավորներն իրենց միջից նախագահ կընտրեն։ Այն դռնփակ է անցկացվելու, քանի որ դա ոչ թե դատարանի, այլ աշխատակարգային նիստ է։ Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ՍԴ նորընտիր դատավորներից Երվանդ Խունդկարյանն է այդ պաշտոնը զբաղեցնելու։
«Այս պահի դրությամբ ոչ առաջադրման, ոչ էլ չառաջադրման մասին որոշում չկա։ Իմ` ՍԴ նախագահ դառնալու առնչությամբ քննարկում չի եղել»,–ասաց Խունդկարյանը։
Իսկ ինչ վերաբերում է մտահոգություններին, թե նա աշխատել է նախկին իշխանությունների օրոք, ուստի կարող է ինչ–որ կապեր ունենալ` Խունդկարյանն արձագանքեց, որ ցանկացած անձի կարող են կապել ցանկացած իշխանության հետ։
ՍԴ դատավորը հիշեցրեց` Գերագույն դատարանում աշխատանքի է անցել դեռ ՀՀ առաջին նախագահի իշխանության օրոք, իսկ հետո` Տնտեսական դատարանի դատավոր է նշանակվել երկրորդ նախագահի օրոք, իսկ երրորդ նախագահի օրոք նշանակվել է վճռաբեկ պալատի նախագահ։ Ավելին, Վճռաբեկ դատարանի դատավոր էլ նշանակվել է հեղափոխությունից հետո։ «Այսքանից հետո խնդրում եմ հայտնել` ես ո՞ր իշխանության մարդն եմ»,–ասաց դատավորը։
Խունդկարյանին որպես ՍԴ դատավոր առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը։ Նրա վերաբերյալ միանշանակ վերաբերմունք չկա, քանի որ նախորդ իշխանությունների օրոք Վճռաբեկ դատարանի նախագահ է եղել, ինչպես նաև նրա օրոք են Ա1+ հեռուստաընկերության փակման որոշումը կայացրել։
Հրայր Թովմասյանի վերջին օրը. Սահմանադրական դատարանի դատավորները նոր նախագահ կընտրեն
Հիշեցնենք` ՍԴ նախագահ կարող է առաջադրվել ՍԴ 9 դատավորներից յուրաքանչյուրը, ընդ որում` ինչպես ինքնաառաջադրվելու, այնպես էլ գործընկերների կողմից առաջադրվելու կարգով։ Եթե առաջադրվի միայն մեկ թեկնածու, ապա ՍԴ նախագահ դառնալու համար նրան անհրաժեշտ կլինի հավաքել Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր ձայների մեծամասնությունը, տվյալ դեպքում` առնվազ 5 ձայն: Եթե առաջադրվի 2 և ավելի թեկնածու, ապա կհաղթի նա, ով կստանա ՍԴ դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, տվյալ դեպքում`առնվազն 6 ձայն։
ՍԴ-ն Հրայր Թովմասյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել
Եթե առաջադրված թեկնածուներից ոչ ոք քվեարկության արդյունքում բավարար ձայներ չի ստանում, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:
Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահն ընտրվում են վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի: