ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ վանաձորցի 30-ամյա մի կին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է համաքաղաքացի 28-ամյա տղամարդու հետ, որից հետո փորձել է նրանից գումար շորթել։
«Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, 30-ամյա կինը տղամարդուն հանդիպման է հրավիրել վարձակալած բնակարան։ Այնտեղ կինը մեկ այլ անձի հետ նախնական համաձայնությամբ` դանակն օդում թափահարելով խուճապ ու վախի զգացում առաջացնելով, ինչպես նաև արատավորող տեղեկություններ և տեսագրություն հրապարակելու սպառնալիքով, 28-ամյա տղամարդուց պահանջել են մաս-մաս իրենց վճարել 1.257.000 դրամ»,–նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։
Որպես երաշխիք՝ տղամարդուց վերցրել են նրա նույնականացման քարտը և ծառայողական վկայականը:
Բացի այդ, պարզվել է նաև, որ, նախնական համաձայնությամբ Վանաձորի բնակչուհին և ինքնությունը չպարզված անձը բացահայտ հափշտակել են տուժողի մոտ առկա կանխիկ գումարը:
Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի 30-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթումը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3.1-րդ կետերով և 176-րդ հոդվածի (կողոպուտը) 2-րդ մասի 1-ին կետով:
«Բյութի օֆ Արմենիայից» տուժածները կարող են դիմել Հայաստանի քննչական կոմիտե
Վերջինիս մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ կնոջ հետ համագործակցած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: