ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Խաղողի ներկայիս գների պատճառով գյուղացիները նորմալ եկամուտ չեն ստանում ծանր աշխատանքի դիմաց։ Այսօր լրագրողներին հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը։
Սահմանված գինն այս տարի շատ ցածր է` 1 կգ–ի դիմաց 135-140 դրամ, այն հազիվ ծածկում է խաղողի աճեցման ինքնարժեքը։ Նրա խոսքով` միայն Երևանի կոնյակի գործարանն է 155 դրամ առաջարկում (18-20% շաքարի պարունակության դեպքում), սակայն այն, բնականաբար, գնում է կոնյակի համար նախատեսված տեխնիկական խաղողի ոչ ամբողջ խմբաքանակը։
«Մյուսները ստիպված են վաճառել խաղողը 130-140 դրամով, երբեմն էլ նաև ավելի էժան։ Եկամուտը նվազագույնն է, իսկ դրանով ստիպված ես ապրել ամբողջ տարին ու պահել ընտանիքդ», – ընդգծեց Սարգսյանը։
Ըստ նրա` խաղողի ինքնարժեքը միայն մոտ 110 դրամ է կազմում(1 կգ–ն)։
Հայաստանի խաղողագործության և գինեգործության կենտրոնի տնօրեն Զարուհի Մուրադյանի կարծիքով, սակայն, ինքնարժեքն ավելի ցածր է` 75-90 դրամ (1 կգ)` նույնիսկ հաշվի առնելով աշխատանքը։
«Որակյալ խաղող արտադրելու դեպքում, եկամուտը լիովին բավարար է։ Այս տարի, իհարկե, ավելի դժվարացել է։ Սակայն ծանր է ոչ միայն գյուղացիների համար, այլև գործարանների։ Չէ՞ որ նրանց վաճառքները ևս կրճատվել են, ավելի շատ ապրանք է մնացել պահեստներում», – նշեց նա։
Սեղանի տեսակները, բնականաբար, ավելի թանկ են վաճառվում։ Սակայն այս տարի, ըստ Սարգսյանի, այն վաճառվում է ընդամենը 150 դրամով, այն դեպքում, երբ անցած տարի խաղողը 300-400 դրամ էր։
Այգեգործը նախարարից լավ է. արմավիրցի Երեմի 100 տեսակի աղջիկ-խաղողներն ու ինքնաշեն տրակտորը
«Պարզ է, որ արտահանողների մոտ ևս բարդություններ են առաջացել ռուսական շուկայում, վաճառքը դժվարացել է ճգնաժամի պատճառով։ Նրանց դժվարությունները նաև մեզ են փոխանցվել», – հավելեց նա։
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով, Հայաստանում 120-130 հազար տոննա խաղող է աճեցվում, որի շուրջ 10%–ը սեղանի, մնացածը` տեխնիկական։