ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է`«Հայ հեղափոխական դաշնակցության» դեմ քրեական գործերն արկղերով նրանց ուղարկելը մի քանի ժամվա հարց է։ Հարությունյանը այդպիսի կարծիք հայտնեց այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ`պատասխանելով հարցին, թե չի՞ պատրաստվում կյանքի կոչել շուրջ մեկ տարի առաջ արած հայտարարությունը։
Դեռ 2019-ի նոյեմբերի 6-ին, ԿԳՄՍ նախարարության մուտքի մոտ ՀՅԴ-ի բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց հետ դատարկ արկղեր էին բերել, որոնք թողել էին մուտքի մոտ, ասելով, որ բերել են, որպեսզի Հարությունյանը դրանցում դասավորի իր իրերը` հրաժարական տալուց հետո։ Նախարարն արձագանքել էր այս ակցիային, ասելով, որ պատրաստվում է այդ արկղերը լցնել տասնյակ և շատ ավելի քրեական գործերով, որոնք վերաբերում են կրթության ոլորտին, և հետ ուղարկել ՀՅԴ–ին։
«Եթե հետևեք դատախազության հայտարարություններին, կտեսնեք տասնյակ և հարյուրավոր գործեր, որոնք բացահայտվել են նախկին իշխանությունների կողմից։ Տեխնիկայի գործ է․ արկղերը քրգործերով լցնել կարելի է ընդամենը մի քանի ժամում։ Կարելի է վերցնել դատախազության ցանկը, սիրուն արկղիկներով փաթեթավորել ու ուղարկել Դաշնակցությանը»,–ասաց Հարությունյանը։
Իմքայլականները Հարությունյանին հանդուրժում են հեղափոխական լինելու համար. Սամսոնյան
Նրա խոսքով` մեկ տարի առաջ արկղերը քրգործերով չի լցրել, քանի որ այդ ժամանակ բողոքի ակցիան հանդարտվել էր և նախարարը չի ուզել իրավիճակը սրի։ Սակայն հիմա, եթե ՀՅԴ–ն շարունակի բողոքի ակցիաները, ապա նախարարն էլ կվերանայի իր գործունեությունը։ Հարությունյանը նշեց` քրգործերի դատախազության ցանկերում կան չարաշահումներ շատ դպրոցներում, օրինակ՝ դաշնակցական նախկին նախարարի գործունեության ընթացքում։
«Ես չեմ վախենում նման բաներից». նախարարը`իր հրաժարականի պահանջի մասին
Նշենք, որ 2016-18թթ. ՀՅԴ–ական Լևոն Մկրտչյանն է եղել ՀՀ կրության և գիտության նախարար։
Հիշեցնենք` տևական ժամանակ է, ինչ մի խումբ մարդիկ պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Նրանց թվում են ՀՅԴ-ական երիտասարդները։