ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում այն քաղաքացիները, ովքեր չեն ներկայացնի նույնականացման քարտ կամ կհրաժարվեն նույնականացման քարտ ստանալուց, կվճարեն պետական տուրք: Նման տեղեկություն է հրապարակել «Ժողովուրդ» օրաթերթը:
Նշվում է, որ ՀՀ ոստիկանությունը մտադիր է լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում: ՀՀ քաղաքացիները հին նմուշի անձնագիր ստանալու համար պետք է ներկայացնեն նաև նույնականացման քարտ, այսինքն՝ նախապես պետք է նույնականացման քարտ ունենան:
«Պարզվում է՝ նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ երկրում գրեթե բոլոր պետական մարմինները, անգամ մասնավոր հատվածի մի մասը, անցում են կատարել էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի: Ի դեպ, քաղաքացիների կողմից էլեկտրոնային հարթակներում դիմումներ, հարցումներ, հայտեր ներկայացնելիս նույնականացման քարտը պարտադիր է»,- գրում է թերթը:
Հոդվածագիրը նկատում է, որ նույնականացման քարտ ունենալու այս պարտադրանքը ֆինանսական նոր բեռ է քաղաքացու համար:
Հավելենք, որ նույնականացման քարտ ձեռք բերելու համար պետական վճարը կազմում է 3000 դրամ: