ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Արձակուրդում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է նաև գործնական հանդիպումներ ունենալ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սարգսյանը հանդիպում է ունեցել Լոնդոնի Կայսերական քոլեջի Գլոբալ առողջության նորարարության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, լորդ Արա Դարզիի հետ:
Նախագահ Սարգսյանն ու լորդ Արա Դարզին մասնավորապես անդրադարձել են նախագահական ATOM ծրագրի շրջանակում համագործակցության հեռանկարներին, հատկապես որ լորդ Դարզին 2020-ի սեպտեմբերի 1-ից ստանձնել է Բրիտանական գիտության ասոցիացիայի (BSA) նախագահությունը: Այդ համատեքստում քննարկվել է ATOM-ի շրջանակում «Արհեստական բանականություն և հանրային առողջություն» թեմայով ծրագիր իրականացնելու հնարավորությունը:
Նախագահ Արմեն Սարգսյանը լորդ Արա Դարզիին հրավիրել է որպես բանախոս հանդես գալու այս տարվա հոկտեմբերի 10-11-ը Հայաստանում կայանալիք Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովում։
Հանրապետության նախագահն այցելել է աշխարհահռչակ Քեմբրիջի համալսարանի գիտական կենտրոն: Նախագահ Սարգսյանը հանդիպել է գիտական կենտրոնի ղեկավարության հետ:
«Հայաստան դրախտավայր». Արմեն Սարգսյանը Լոռվա չքնաղ վայրերի լուսանկարներն է հրապարակել
Զրուցակիցներն անդրադարձել են հայկական կրթական և գիտահետազոտական կենտրոնների հետ համագործակցության հնարավորություններին՝ հաշվի առնելով Քեմբրիջի համալսարանի համաշխարհային ավանդույթները գիտության ու կրթության ասպարեզում և հայ գիտնականների ձեռքբերումներն ու նվաճումները գիտության ոլորտներում, ինչպես նաև կրթության աճող դերն ու նշանակությունը ժամանակակից աշխարհում:
Քննարկվել և նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության շուրջ համաձայնագիր ստորագրել մասնավորապես արհեստական բանականության, ժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում՝ բիոտեխնոլոգիաների ոլորտում: