ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ճարտարապետների միությունը չեղարկել է Լենինի դամբարանի օգտագործման նոր հայեցակարգին նվիրված մրցույթը։ Տեղեկությունը հայտնում է «Մոսկվա» գործակալությունը` հղում անելով Միության նախագահ Նիկոլայ Շումակովին։
«Այնքան շատ է նեգատիվը, ամեն ինչ այնքան է խեղաթյուրված, կարծես մենք ուզում ենք քանդել դամբարանը, դուրս բերել Լենինի մարմինը։ Հոգնել եմ արդարանալուց», – ասել է նա՝ հավելելով, որ մրցույթը կհայտարարվի «հաջորդ կյանքում»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանի ճարտարապետների միությունը հայտարարել էր`Լենինի դամբարանի կիրառման նոր ձևաչափի լավագույն հայեցակարգի վերաբերյալ համառուսաստանյան մրցույթի հայտերի ընդունման մասին։ Նշվում էր, որ մրցույթը կարելի է դիտարկել որպես հատուկ նախագծի կարգավիճակով ստեղծագործական մրցույթ` նոյեմբերի 11-13-ը կայանալիք «Ճարտարապետություն» փառատոնի շրջանակում։