ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Բեյրութի նավահանգստում այսօր տեղի ունեցած պայթյունի պատճառը կարող էր լինել վերանորոգման աշխատանքների ժամանակ անկյունահղկիչի օգտագործումը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս տեղեկությունը հայտնել է Լիբանանի աշխատանքի նախարարի պաշտոնակատար Միշել Նաջարը։
Նախնական տվյալների համաձայն՝ դառնալ հրդեհի բռնկման պատճառ կարող էին դառնալ էլեկտրական սարքից արձակված կայծերը։
Նախարարը շեշտել է, որ աշխատանքների ավարտից անմիջապես հետո հետաքննություն կսկսվի: Քննությունը պետք է պարզի կատարվածի մանրամասները:
Նա տեղեկացրել է նաև, որ հրդեհն այս պահին ամբողջովին մարվել է, զոհեր և վիրավորներ չկան։
Հիշեցնենք` մոտ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն էր որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ Պայթյունի զոհ էին դարձել 190 մարդ, ավելի քան 6000–ը վնասվածքներ էին ստացել։ Մահացածների թվում 13 հայ կար։
Տուժել էին քաղաքի թե՛ քրիստոնեական, թե՛ մահմեդական թաղամասերը։ Պայթյունի ալիքը զգացվել էր անգամ Կիպրոսի արևելյան ափին։
Լիբանանի մայրաքաղաքը ճանաչվել էր աղետի գոտի։ Պայթյունից հետո քաղաքում հակակառավարական ցույցեր սկսվեցին, որոնց արդյունքում Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարեց իր կառավարության ամբողջ կազմի հրաժարականի մասին։