ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի- Sputnik. Այսօր Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին:
Facebook-ի իր պաշտոնական էջում Գրիգորյանը հայտնում է, որ հանդիպման ընթացքում ինքը՝ որպես ԱԽ քարտուղար, կարևորել է հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները, անդրադարձել տարածաշրջանային ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային իրավիճակին:
Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ փոխգործակցությունն անվտանգության, տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, գիտության և այլ ոլորտներում:
«Համոզմունք եմ հայտնել, որ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման համար առկա է չօգտագործված ներուժ, ինչը կարող է տարբեր ոլորտներում փոխգործակցության նոր հնարավորություններ ստեղծել»,- գրել է Արմեն Գրիգորյանը։
Հետաքրքիր է, որ ԱԽ քարտուղարի և Իրանի դեսպանի հանդիպումը հաջորդել է Բաքվում Իրանի դեսպանի՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին վերաբերող հայտարարությանը։ Այն ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներում մեկնաբանվել ու ներկայացվել էր Ադրբեջանին ձեռնտու տարբերակով։ Ըստ դրանց՝ Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարել էր, թե «իրանա-ադրբեջանական բարեկամական, բարիդրացիական հարաբերությունները առանձնահատուկ հարաբերություններ են, որոնց չի կարող խանգարել ոչ մի երրորդ ուժ», ու իբրև թե Իրանն աջակցում է Ադրբեջանի «արադարացի» դիրքորոշմանը «ադրբեջանական օկուպացված տարածքների վերաբերյալ»։
Ուղիղ հարված Ռուսաստանի և Իրանի շահերին. Թուրքիան կգնա՞ ռիսկի, կդնի՞ ռազմաբազա Ադրբեջանում
Ավելի ուշ իրանական աղբյուրներում տարածվեց դեսպանի իրական հայտարարությունը, որում նա համոզմունք էր հայտնել, թե «հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։