ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի- Sputnik. ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ում գրառում է արել, որում պարզաբանել է ՀՀ կառավարության նիստում հնչած այն հայտարրությունը, թե Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում բարձրացրել է միության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների և պայմանների սահմանման հարցը։
«ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել այն՝ հաշվի առնելով համաճարակային ընդհանուր իրավիճակը: Քննարկվելու են նաև թեստավորում կազմակերպելու և քաղաքացիների կարանտինային ռեժիմ անցնելու հետ կապված հարցերը»,- գրել է Գևորգյանը։
Նրա տեղեկացմամբ՝ բոլոր հարցերի քննարկման և հստակեցման արդյունքում էլ կսահմանվի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար գործող միասնական կանոն:
Գևորգյանը նաև շեշտել է, որ ՀՀ կառավարությունն օդային և ցամաքային սահմանը հատողների համար երբևէ սահմանափակումներ չի կիրառել: Դրանք կիրառել և հիմա էլ դեռ շարունակում են կիրառել ընդունող երկրները՝ հաշվի առնելով համաճարակային իրավիճակը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով Հայաստանից մեկնել ցանկացողների դժգոհություններին, հայտնել էր, որ մի քանի օրից` սեպտեմբերի կեսերին, Հայաստանի հետ կանոնավոր չվերթերը հնարավոր է վերականգնվել։
Վարչապետը հայտնեց, որ ԵԱՏՄ երկրները պատրաստ են քննարկման, ռաջիկայում սահմանվելու են ընդհանուր կանոններ, որոնք սիմետրիկ կգործեն ԵԱՏՄ բոլոր երկրներում։