ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Դպրոցները բացվելուց հետո չպիտի դարձյալ փակվեն։ Այսօր ՀՀ կառավարության նիստում նման հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ դպրոցներն ու դպրոցականները փորձադաշտ չեն։
«Խոսքը նրա մասին է, որ մենք դպրոցներն ուզում ենք բացենք և չփակենք։ Որոշ դեպքերում առաջարկվում են` եկեք բացենք, ոչինչ, 20 օրից նորից փակենք։ Էքսպերիմենտներ հո չե՞նք անելու։ Մենք դպրոցները պետք է բացենք այնպես, որ փակելը կրկին բացառվի։ Որ բացում ենք, էլ չենք փակում»,– ասաց Փաշինյանը։
Իսկ որպեսզի դպրոցների վերաբացումը կորոնավիրուսային իրավիճակի վատթարացման չհանգեցնի, վարչապետը կարևորեց սահմանափակումների ու վարչական պատասխանատվության կիրառման խստացումը։
«Մեր փորձը ցույց տվեց, որ աղաչել–պաղատելով չի ստացվում։ Մենք երկար ժամանակ ամենօրյա ռեժիմով խնդրում, աղաչում, պաղատում էինք, որ կանոնները պահպանվեն։ Բայց տեսանք, որ դա չի ստացվում։ Ի վերջո` սա պետություն է։ Չի կարող քմահաճույքվ լինել։ Պետք է վարչական միջոց կիրառել։ Երբ քաղաքացուն ոստիկանը մոտենում է, հորդորում, որ դիմակ դնի, չի կարող քաղաքացին ոստիկանին վիրավորել, ուղղակի չի կարող»,– ասաց նա։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ կրթական հաստատությունների համար սահմանված հակահամաճարակային կանոնները պահպանելու դեպքում կարճ ժամանակ անց դրանք նույնիսկ հնարավոր կլինի թուլացնել։
Դպրոցների անձնակազմը կորոնավիրուսի թեստ է հանձնում. շուրջ 30 000 անձ կթեստավորվի
«Այնպես որ, խնդրում ենք աշակերտների, ծնողների, ուսուցիչների աջակցությունն այս հարցում, որ ընդմիշտ այս իրավիճակից դուրս գանք»,– ասաց նա։
ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն էլ հիշեցրենց, որ ներկա պահին հանրակրթական դպրոցների ուսուցիչների զանգվածային թեստավորում է իրականացվում` վարակի հնարավոր տարածումը կանխելու համար։
Հիշեցնենք` կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` դպրոցներում ուսումնական պրոցեսի կազմակերպման համար հստակ կանոններ են սահմանվել։
Առանց դիմակի արգելվում է մուտքը դպրոց: Դիմակ չունեցող աշակերտներին և անձնակազմին մուտքի մոտ տրամադրվում է մեկանգամյա օգտագործման դիմակ։
Դպրոցի մուտքի մոտ կատարվում է պարտադիր ջերմաչափում և ձեռքերի ախտահանում։ Օրվա ընթացքում առնվազն 3 անգամ կատարվում է 8-10 րոպե տևողությամբ օդափոխություն։ Աշակերտին կարող է ուղեկցել ոչ ավել, քան մեկ անձ: Ուղեկցողի մուտքը դպրոց արգելվում է՝ բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների։
Նախարարը հաստատել է դպրոցների ուսպլանները. ո՞ր դասարաններն արձակուրդ կունենան
Նախարարությունը դպրոցներում ուսումը կազմակերպելու երեք սցենար է մշակել. մանրամասներ
Արգելվում է զանգվածային միջոցառումների իրականացումը։ Ժամանակավորապես դադարեցվում են երկարօրյա ծառայությունները։
Դասարաններում սովորողների առավելագույն թույլատրելի թիվը 20-ն է։ Դասարանները բաժանվում են խմբերի՝ ելնելով 1.5 մետր սոցիալական հեռավորություն ապահովելու հնարավորություններից։ Դպրոցներում սահմանվում է 6-օրյա աշխատանքային ռեժիմ։
Դասամիջոցների ընթացքում սովորողները չեն լքում դասասենյակը։ Աշակերտները դասին մասնակցում են տեղից, գրատախտակի մոտ կանչելն արգելվում է։