ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով Վրաստանում նոր սահմանափակումներ են մտցվել։ Սահմանափակումների որոշումը կայացվել է այսօր համակարգող խորհրդի նիստում։
Սեպտեմբերի 8-ին Վրաստանում հակառեկորդ է գրանցել. մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 45 մարդ։ Նրանց մեծ մասը գրանցվել է Աջարիայի սևծովյան հատվածում, որտեղ հանգստացողների մեծ հոսք է եղել։
Ինչպես ճեպազրույցի ժամանակ նշել է Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին, սեպտեմբերի 10-ից երկրում արգելվել են 200 հոգուց ավել մարդկանց մասնակցությամբ մարզական և մշակութային միջոցառումները։
«Հաշվի առնելով ստեղծված համաճարակային իրավիճակը, թատրոնների, կինոթատրոնների բացումը, որը նախատեսված էր սեպտեմբերի 15-ին և հոկտեմբերի 1-ին, տեղափոխվում է մինչև նոյեմբերի 1–ը»,– ասել է Մեզվրիշվիլին։
Հայ-վրացական սահմանի բացման հարցն անորոշ է․ ո՞րն է պատճառը
Նույն ցանկում են նաև մանկական զվարճանքի կենտրոնները։ Երկրում սեպտեմբերի 10-ից արգելվում է հոգեհանգստի, հարսանիքների, տոնախմբությունների և այլ ծիսական միջոցառումների անցկացումը։ Արգելվում է նաև հանրային միջոցառումների անցկացումը։ Այս կանոնները չպահպանելու համար համապատասխան պատժամիջոցներ են նախատեսված։
Խորհուրդ չի տրվում նաև հանդեսներ և տոնական միջոցառումներ կազմակերպել դպրոցներում, իսկ քաղաքացիները պետք է պահպանեն սոցիալական հեռավորություն և կրեն պաշտպանիչ դիմակ։ Սակայն դպրոցներում դասերը կմեկնարկեն, ինչպես և նախատեսված էր` սեպտեմբերի 15-ից։
Ավելի վաղ, Վրաստանի կառավարությունը բնակչությանը սմս–հաղորդագրություններ էր ուղարկել, կոչ անելով, հատկապես նրանց, ովքեր 12 օրվա ընթացքում եղել են Աջարիայում, COVID-19–ի ախտանշաններ ունենալու դեպքում դիմել բուժկենտրոններ կամ զանգահարել թեժ գիծ` «112» հեռախոսահամարով։
Սեպտեմբերի 9-ի դրությամբ Վրաստանում SARS-CoV-2–ի բացահայտված դեպքերի թիվը 1773 է։
Վերին Լարսում մնացածների թվում երեխաներ կան. գլխավոր հյուպատոսը մեկնաբանում է իրավիճակը