Տարոն Հովհաննիսյանի դիտարկմամբ` նախ Ադրբեջանը ֆորմալ առումով պետք է իրավական գործընթաց սկսի խորհրդարանում և համապատասխան փոփոխություններ մտցնի օրենքներում, որովհետև գործող օրենսդրությամբ` արգելվում է Ադրբեջանի տարածքում որևէ օտարերկրյա ռազմաբազայի տեղակայում։
«Կարծում եմ, որ խորհրդարանում այդ գործընթացը կլինի բաց, որպեսզի համապատասխան դաշտ պատրաստեն թուրքական զորքերի տեղակայման համար։ Եթե լինի նման քաղաքական որոշում, ապա լուրջ խնդիրներ չեն առաջանա, և ադրբեջանցիները կկարողանան հարցը լուծել կարճ ժամանակահատվածում»,– նշում է վերլուծաբանը։
Հովհաննիսյանի կարծիքով` այդուհանդերձ խնդիրը վերաբերում է ոչ միայն թուրք–ադրբեջանական հարաբերություններին, այլև մեր տարածաշրջանում խոշոր գերտերությունների աշխարհաքաղաքական շահերին` այդ թվում առաջին հերթին Ռուսաստանի, ԱՄՆ–ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի երրորդ համանախագահ Ֆրանսիայի, ինչպես նաև Իրանի կենսական շահերին։
«Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազայի տեղակայումն ուղղակիորեն հարվածում է գերտերությունների շահերին։ Դա չի կարող լինել Նախիջևանի տարածքում, ոչ ոք դրան թեկուզ լուռ համաձայնություն չի տա, որովհետև դա ուղիղ կերպով հարվածում է Ռուսաստանի ու Իրանի շահերին։ Ըստ էության դրա անհրաժեշտությունն էլ չկա, քանի որ Նախիջևանի մոտակայքում տեղակայված թուրքական զինուժը կարող է մեկ ժամում արդեն լինել այնտեղ, այսինքն` իմաստ չկա զորքերը տեղափոխել ընդամենը մի քանի կիլոմետր»,– նշում է վերլուծաբանը։
Տարոն Հովհաննիսյանի խոսքով` եթե ռազմաբազան պետք է լինի ոչ Նախիջևանում, այլ ուրիշ տարածքում, ապա դրան առնվազն պետք է դեմ չլինեն վերոհիշյալ խոշոր միջազգային խաղացողները։ Բայց վերջիններս արդեն իսկ հայտարարել են, որ Թուրքիայի ուղղակի միջամտությունը ցանկացած գործընթացի, առավել ևս պատերազմական գործողությունների, իրենց համար մեղմ ասած անցանկալի է։ Հետևաբար, եթե անգամ Ադրբեջանը շատ է ցանկանում, և Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունն էլ Հայաստանի նկատմամբ ենթադրում է նաև վերջինիս ցանկությունն այդ հարցում, այդուհանդերձ վերլուծաբանը հակված չէ այն մտքին, որ Թուրքիան կգնա նման ռիսկի։
Տարակուսանքի է արժանի Ադրբեջանի բացահայտումը. Նաղդալյանը` ՌԴ–ից ՀՀ տեղափոխվող զենքի մասին
Նշենք, որ Բաքվում Թուրքիայի դեսպանատան դիմաց ադրբեջանցիները կրկին ցույց են անցկացրել` երկրում թուրքական ռազմաբազա տեղակայելու պահանջով։ Ցույցի մասնակիցները, որոնք Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներով են եղել, վանկարկել են, որ ռուսները հեռանան և թուրքական բանակը մնա Ադրբեջանում։ Նրանք պարբերաբար վանկարկել են «Թուրքիա», «Էրդողան»։