ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանաբնակ հայուհի Մարգարիտա Գասպարյանն այսօր կխաղա մրցաշարի երրորդ ռակետ Սերենա Ուիլյամսի հետ (ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի կինը)։
Մարգարիտան ասել է, որ Ուիլյամսի դեմ ԱՄՆ բաց առաջնության երկրորդ փուլի խաղում կաշխատի ցուցադրել իր լավագույն թենիսը։
Առաջին փուլում ռուսաստանցին հաղթել է պուերտոռիկացի Մոնիկա Պյուիգին 6:3, 6:7 (0:7), 6:0 հաշվով։
«Սերենայի դեմ երկու անգամ եմ կորտ դուրս եկել. Ավստրալիայում և Ուիմբլդոնի ժամանակ։ Հիանալի է մեծ մարզադաշտերում խաղալ մեծ խաղացողների հետ։ Ցավոք` առանց հանդիսատես, բայց միևնույնն է` դրանք անհավանական հույզեր են, նոր փորձ և նոր մարտահրավեր։ Կաշխատեմ ցուցադրել իմ լավագույն խաղը», – Գասպարյանի խոսքերն է մեջբերում Ռուսաստանի թենիսի ֆեդերացիան։
Թենիսիստուհին խոստովանել է, որ պայմանները բավական խիստ են` չի կարելի հյուրանոցի տարածքից դուրս գալ, գնալ ռեստորան կամ զբոսնել Մանհեթենով։
«Ամեն դեպքում մենք այստեղ ենք խաղալու համար և լիովին կենտրոնացած ենք թենիսի վրա... Ուզում եմ ասել` շատ ուրախ եմ, որ կազմակերպիչներն անցկացնում են այս մրցաշարը, նրանք անում են հնարավոր ամեն բան` ապահովելով այստեղ մեր անվտանգությունը։ Նրանք մեզ ելույթ ունենալու, խաղալու և գումար վաստակելու հնարավորություն են տվել»,– հավելել է Գասպարյանը։
Վերլուծաբանները կարծում են, որ Մարգարիտան լավ մարզավիճակում չէ, խաղի ելքն իր օգտին շրջելու հնարավորությունները նվազագույն են։ Նրանց կարծիքով` US Open-ի Մարգարիտա Գասպարյան-Սերենա Ուիլյամս խաղը դիտարժան չի ստացվի։