ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Արմավիրի մարզի Արմավիր գյուղի «Պռոշյանի կոնյակի գործարանի» մասնաճյուղում ամռան սկզբից գինու ռեզերվուարների համար տանիք էին կառուցում։ Պայթյունը տեղի է ունեցել հենց այդ վայրում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում գործարանի լաբորատորիայի վարիչ Հովհաննես Ղարիբյանը մանրամասներ ներկայացրեց գործարանում տեղի ունեցած այսօրվա ողբերգական դեպքից։
Ռեզերվուարների մոտ հասնելու համար պետք է ծիրանի խյուսի մի քանի «գետակ» հաղթահարենք։ Դեպքի վայրում, գետնին կոտրված ապակիներ են, կիսաայրված փայտի կտորներ։ Հենց այդտեղ էլ զրուցում ենք Հովհաննես Ղարիբյանի հետ։
«Քանի որ ռեզերվուարները դրսում են, ծածկ էր կառուցվում` անձրևից, ձնից պաշտպանելու համար։ Ամեն օր երկու–երեք աշխատակից էր գալիս. տեղում նաև մեր աշխատողներն էին լինում` վերահսկելու համար»,–պատմեց Ղարիբյանը։
Դեպքի մասին Ղարիբյանը դժվարությամբ խոսեց, պայթյունի հետևանքով մահացածներից մեկի` մասնաճյուղի տնօրեն Լևոն Ալեքսանյանի հետ ժամեր առաջ էր շփվել։ Առավոտյան սովորականի պես մասնաճյուղի ղեկավարի գլխավորությամբ ժողով էր եղել։ Այսօրվա թեման մթերման սեզոնին ընդառաջ նախապատրաստական աշխատանքներն էին։ Ժողովից հետո տնօրենը գնացել էր շինարարական աշխատանքները վերահսկելու, և տեղի է ունեցել ողբերգական դեպքը։
«Այսօր առավոտյան սուրճ ենք խմել միասին, զրուցել... Սարսափելի է, որ ժամեր առաջ շփվել ենք, իսկ հիմա անցյալով եմ խոսում Լևոնի մասին։ Նա շատ պրպտող, իր գործին նվիրված, պատասխանատու մարդ էր։ Ժամանակին գիտական աշխատանքով էր զբաղվում` միկրոկենսաբանն էր»,–ասաց Ղարիբյանը։
Նա ասաց նաև, որ Լևոն Ալեքսանյանն ամուսնացած է և փոքրիկ` 4-5 տարեկան աղջիկ ունի։
Իսկ ինչ վերաբերում է պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներին, ապա լաբորատորիայի վարիչը հայտնեց, որ նրանցից երկուսը շինարարական աշխատանքներ կատարողներից են` եռակցողները։ Բացի այդ, «Պռոշյան կոնյակի գործարանի» երիտասարդ գինեգործը` Հովհաննեսն է այրվածքներով հիվանդանոց տեղափոխվել, իսկ չորրորդ անձը` հայտնի չէ, թե ով է։ Բոլորի վիճակը, ըստ բժիշկների, ծանր է։
Պռոշյանի կոնյակի գործարանում պայթյունից տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է. մանրամասներ
Հիշեցնենք, որ պայթյունի և դրան հետևած հրդեհի հետևանքով մահացել է նաև զոդման աշխատանքներ իրականացնող Ա/Ձ–ի տնօրեն Արեն Առաքելյանը։
Գործարանի տնօրենը` Արմեն Գասպարյանը, լրագրողների հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, որ պայթյունի պատճառը զոդման աշխատանքներն են եղել։
Արմավիրի մարզային փրկարարական վարչություն պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Մարգարյանը, սակայն, այլ բան էր պնդել. տեղի ունեցած հրդեհի պատճառը, ըստ նրա, գինու 30 տոննանոց ռեզերվուարի պայթյունն է։
Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանում»։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին: Պայթյունի զոհ է դարձել 2 մարդ։