ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Երկարատև դադարից հետո սեպտեմբերի 1-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացավ հանդիսատեսին և բացօթյա ներկայացմամբ մանուկ հանդիսատեսի դատին հանձնեց «Կորժիկը, Կոմպոտն ու Կարամելկան» շոու ներկայացումը:
Մանկական ներկայացման առաջնախաղը նախատեսված էր մարտի 14-ին, բայց համավարակը փոխեց ներկայացման տեղն ու ժամանակը:
Բացօթյա ներկայացումը տեղի ունեցավ Գյումրու Հայորդաց տան բակում. Հայորդաց տան տնօրինությունը տարածքը սիրով ու անվարձահատույց տրամադրել էր մանուկ հանդիսատեսին:
Համավարակի պատճառով ավելի քան 5 ամիս հանդիսատեսի ծափերին սպասող դերասանների խոսքով՝ բացօթյա ներկայացումն իր դժվարությունն ուներ, բայց հանդիսատեսի կարոտն ավելի մեծ է:
«Թատրոնն այս ներկայացմամբ ասես վերակենդանանում է: Տևական դադարից հետո սա իրոք ամենալավ օրն էր և՛ թատրոնի, և՛ հանդիսատեսի համար: Ձևաչափը մանուկ հանդիսատեսին հետաքրքիր էր: Հետաքրքիր փորձարարություն էր նաև թատրոնի համար, որը ստացվեց։ Ապացույցը մեր հանդիսատեսի ուրախ արձագանքն է»,- ասաց դերասան Արսեն Սաղաթելյանը:
Նորից հանդիսատեսին ներկայանալը թատրոնի բոլոր աշխատակիցների համար էր օրը տոնական դարձրել: «5 ամիս է` տանն էինք, շատ դժվար էր, հիմա այս պայմաններում ենք՝ բացօթյա ներկայացմամբ, անչափ ուրախ եմ ու հաճույքով եմ եկել աշխատանքի»,- Sputnik Արմենիային ասաց թատրոնի դռնապահ Թամարա Տոնոյանը:
Չնայած հանդիսատեսի ու դերասանների ուրախությանը, բացօթյա ներկայացումն անխոս իր դժվարությունն ուներ:
«Դե, բնականաբար, դեկորացիան կիսատ է, լույս ու այլ հնարավորություն չկա, դրան զուգահեռ էլ այսօրվա շոգը՝ երեխաների համար ավելի հով տարածք է պետք, հաջորդիվ կանենք այնպես, որ երեխաների համար շոգ չլինի»,-նշեց թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը` հույս հայտնելով, որ շատ շուտով թատրոնը կկարողանա հանդիսատեսին ընդունել իր ծածկի տակ, իսկ մինչև այդ, թատրոնը պատրաստ է բացօթյա ներկայանալ այն ներկայացումներով, որոնք դրա հնարավորությունն ունեն:
Այս ընթացքում չնայած թատրոնի դռները փակ էին հանդիսատեսի համար, բայց թատրոնը ստեղծագործական ակտիվ աշխատանքներ էր ծավալում՝ պատրաստելով թատերական նոր ներկայացումներ, նոր նախագիծ:
Յոթ սարի հետևում. վլոգերն առաջարկում է Հայաստանում գտնել հեքիաթն ու բացահայտել աշխարհը
«Երբ արդեն պարետատան կողմից լինի որոշում, որ կարող ենք հանդիսատեսին ընդունել, կներկայացնենք այդ ամենը: Գյումրու թատրոնը հանդիսատեսին «պարտք է» ավելի քան 20 ներկայացում: Հանդիսատեսը սպասում է,-ավելացրեց Հարությունը՝ գյումրեցի նվիրյալ հանդիսատեսին շնորհակալություն հայտնելով վերաբերմունքի համար: – Այս ընթացքում ոչ մի տոմս հետ չի վերադարձվել: Հանդիսատեսը սպասում է թատրոնի բացվելուն ու հավատում է, որ ամեն ինչ լավ է լինելու, ինչն էլ մեզ ավելի է ոգևորում»:
Բացօթյա թատերական տարածքը յուրահատուկ տպավորությամբ ու ուրախ տրամադրությամբ լքեցին ոչ միայն մանուկները, այլ նաև ծնողները՝ սպասումով, որ շուտով հնարավորություն կունենան ներկայացումները թատրոնում դիտելու: Իսկ մինչ այդ թատրոնի տնօրինությունը այս ընթացքում նախատեսում է Գյումրիում բացօթյա տարբերակով ներկայացնել նաև «Երկնագույն շան աչքերը»:
Երեք բժշկական կենտրոններում կփակվեն կորոնավիրուսային բաժանմունքները. ԱՆ