ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին: Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։
Հանդիպումը կայացել է պաշտպանության նախարարության շենքում։ Հանդիպմանը ներկա էր նաև Հունաստանի դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գերասիմոս Ավլոնտիսը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորվել համավարակով պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո համագործակցության միջոցառումների վերսկսումը, փոխայցելությունների և քննարկումների իրականացումը։
Տոնոյանը և ՀՀ-ում Հունաստանի դեսպանը քննարկել են նաև Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հրահրված լարվածությունը։
«Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է տարածաշրջանում որոշ դերակատարների ծավալած ապակառուցողական գործողությունների հետևանքով լարվածության աճի հնարավոր զարգացումները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կարևորը` նա առողջ ու անվտանգ լինի. Դավիթ Տոնոյանը խոսել է Ադրբեջանում հայտնված սպայի մասին
Դեսպան Տուրնակիսն իր հերթին անդրադարձել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում տիրող իրավիճակին։
Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 20-ին: